Պատմություն

  Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Երևանում անց է կացվել 2005թ-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և լեհ թատերագետ Անջեյ Ժուրովսկին:  2003թ. սեպտեմբերի 24-ին առաջին անգամ Երևանում անցկացվեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, իսկ 2005թ.   «Արմմոնոն» վերանվանվեց «Շեքսպիրյան» փառատոն, որի շրջանակներում թատերասեր հանրությանը հրամցվում էին միմիայն շեքսպիրյան գործեր: Բազմաթիվ թատերասերների խնդրանքով 2009թ. սկսած մոնոներկայացումների փառատոնին վերադարձվեց նախկին անունը, ինչի արդյունքում Հայաստանի թատերական գործիչների միությունն ունեցավ միաժամանակ երկու միջազգային թատերական փառատոն` իրարից խիստ տարբերվող բովանդակությամբ: 

  Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը տարիների ընթացքում ձեռք բերեց միջազգային մեծ ճանաչում` դառնալով Շեքսպիրյան փառատոների Եվրոպական ցանցի անդամ:
Փառատոնը շարունակում է կարևորել ժամանակակից խոշորագույն թատերական դեմքերի մասնակցությունը: Հայաստանում հյուրընկալվել են. Ալեքսանդր Կալյագինը, Ռոբերտ Ստուրուան, Իրինա Բրուքը, Դեկլան Դոնելանը և ուրիշներ:

  Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին ընդառաջ փառատոնի շրջանակներում Հայաստանում էին (2014թ.) Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից, այդ թվում. Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի նախագահ, Գդանսկի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ջերսի Լեմոնը, Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի համակարգող Ջոաննա Սնիեժկո Միստերեկը, Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի «Գլոբ թու Գլոբ» Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը, Նոյսի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Ռայներ Վիերցը /Գերմանիա/, Գյուլայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Սանդոր Զոզեֆ Գեդեոնը /Հունգարիա/, Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էմիլ Բորողինան /Ռումինիա/, Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի և «Մարին Սորեսկու» թատրոնի տնօրեն Միրչա Կորնիստեանուն, Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի համակարգող Յոլանդա Մանեսկուն, Բարսելոնայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Վելվեհի Էռնանդես Մոնսեռռատը /Իսպանիա/, Օստրավայի ամառային Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անդրեյ Հարմեցկոն /Չեխիա/, Բաթի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ֆիլիպ Պարր /Անգլիա/, Էլսինորի «Շեքսպիրը Համլետի ամրոցում» փառատոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն Լարս Էնջելսը /Դանիա/:
 

  Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում ներկայացվեց «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև, անցկացվեց «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Երևանի Շեքսպիրյան փառատոնի շնորհիվ վերականգնվեցին հայ թատրոնի Շեքսպիրյան ավանդույթները՝ ինչի վկայությունն են հայկական նոր բեմադրությունները, որոնք հաջողությամբ ընդգրկվում են փառատոնի ծրագրում: 
  Այսպիսով`լրացնելով Շեքսպիրյան ավանդույթներով հարուստ հայ թատրոնի պատմության անկրկնելի էջերը, փառատոնը մեր մշակութային կյանքի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը դարձավ`մշակութային իրադարձություն, տոն, որին սիրով է սպասում   թատերասեր հասարակությունը: 

  Ի ուրախություն բոլորիս, փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր գործունեության շառավիղը` ընդգրկելով նաև հանրապետության մարզերը: Այս գործընթացը ևս կունենա իր տրամաբանական շարունակությունը:
Կարճատև դադարից հետո փառատոնն 2016-ին նոր թափ առավ  Կարո Բալյանի տնօրինությամբ , փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվեց, ներառելով  այնպիսի երկրների և թատերական դպրոցի ներկայացուցիչների, որոնք նախկինում չէին եղել: Սկսվեցին համագործակցության նոր կամուրջներ, որոնք տարեց տարի ընդլայնվում են և մեծանում:

  2018 թվականին լեհական աշխարհահռչակ Գդանսկի թատերական փառատոնի հետ կնքվեց պայմանագիր, ըստ որի, հատուկ  ուսանողների և անկախ երիտասարդական թատերախմբերի համար ստեղծված  FEST OUT  ծրագրի շրջանակներում մասնակցող և հաղթող խմբերը հրավեր կստանան մանսակցելու Գդանսկի Փառատոնի SHAKESPEARE OFF  ծրագրին:

  Ստեղծվեց թատերական համագործակցությունների պլան և ըստ դրա մի շարք միջազգային նախագծեր  կյանքի կոչվեցին, որից մեկը նախատեսվում է  հանդիսատեսի դատին հանձնել 2021 թվականին՝ 5 երկրների թատերական ներկայացուցիչների հետ համատեղ:

  2020 թվականին կայացավ Եվրոպական Շեքսպիրյան Փառատոների Ցանցի համաժողովը, որտեղ քննարկվեցին մի շարք համագործակցության ծրագրեր: Կարելի է  հստակ արձանագրել, որ գալիք ապագայում Եվրոպական ցանցի անդամ Երևանի Շեքսպիրյան Միջազգային  թատերական Փառատոնը կգրավի նորանոր բարձունքներ և կպահպանի իր տեղը միջազգային թատերական փառատոնային հարթակներում:

Նվիրաբերել

© 2020 Yerevan International Shakespeare Theatre Festival